Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Խաղի մեջ են մտնում Քերին, Լավրովը, Էյրո՞ն

Խաղի մեջ են մտնում Քերին, Լավրովը, Էյրո՞ն
12.05.2016 | 22:50

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարում են, որ վերջին բռնությունների ֆոնին ու շփման գծում լարվածությունը անհապաղ նվազեցնելու անհրաժեշտությունից ելնելով՝ ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն: «Մեր արտաքին գործերի նախարարները պատրաստ են կազմակերպել հանդիպումը հաջորդ շաբաթ Վիեննայում:

Նրանց հիմնական նպատակը կլինի ամրապնդել հրադադարի ռեժիմը և համաձայնություն ձեռք բերել վստահության կառուցման գործում, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի հիմնարար սկզբունքների և տարրերի հիման վրա համապարփակ կարգավորման բանակցությունների վերսկսման համար»,- հայտարարում են դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա):

Նրանք շեշտում են՝ բանակցությունները չեն կարող հաջողությամբ պսակվել, եթե բռնությունները շարունակվեն, և խաղաղություն չի հաստատվի առանց բանակցային գործընթացի: «Մենք վերահաստատում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- հայտարարում են նրանք:
Ու մինչ Երևանը, Ստեփանակերտը կամ Մոսկվան կարձագանքեին, առաջինը հնչել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքը: Նա ուղղակի ասել է. «Հաջորդ շաբաթ Վիեննայում նախատեսվում է, ընդգծում եմ, նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում: Ենթադրվում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) մասնակցությունը: Հիմնական նպատակն է` խորհրդակցությունները, որոնք մշակվում են, որոնք հնարավոր են, որ փորձ արվի ուժեղացնել հրադադարի ռեժիմը, նվազեցնել ռազմական ռիսկերը, պայմանավորվել վստահության կոնկրետ միջոցների մասին»:

Նաև հավելել է, որ հանդիպմանը կմասնակցի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Իսկ դա նշանակում է, որ հանդիպմանը կմասնակցեն նաև Ջոն Քերին ու Ժան-Մարկ Էյրոն՝ համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարները: Նրա վստահությունը, որ հանդիպումը կկայանա, թերևս, պայմանավորված է Լավրով-Քերի հեռախոսազրույցներով, Նալբանդյան-Էյրո, Մամեդյարով-Շտայնմայեր հանդիպումներով:
Հայաստանն ու Ստեփանակերտը ևս արձագանքել են: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր հանդիպման մասին մասին կտեղեկացնենք պատշաճ կարգով»՝ ասել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը։ Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասել է, որ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը հնարավոր է միայն բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության պարագայում: «Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 1994-ի մայիսի 12-ին կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի կնքումը հնարավոր դարձավ, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը նախաձեռնեց ուղղակի բանակցություններ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ: Սա ապացույց է, որ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը հնարավոր է միայն բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության պարագայում»,- ասել է Շավարշ Քոչարյանը:

Նա ընդգծել է, որ 1994-ի զինադադարի պահպանումը կողմերի միջազգային պարտավորությունն է, իսկ ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը նաև այդ միջազգային պարտավորության կոպիտ ոտնահարում է և ագրեսիայի բացահայտ դրսևորում: Շավարշ Քոչարյանը նաև հայտարարել է, որ եթե խոսք կա «օկուպացված տարածքների» մասին, դա կարող է վերաբերել Ադրբեջանի օկուպացրած տարածքներին՝ Շահումյանի շրջան, Մարտակերտի և Մարտունու շրջանի որոշ հատվածներ: Հատկապես կարևոր է նրա խոսքը՝ ԼՂ հակամարտող բոլոր կողմերին զենք վաճառելու էմբարգոյի վերաբերյալ: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հիշեցրել է, որ ՀՀ նախագահը նշել է՝ որ դեպքում է հնարավոր բանակցային գործընթացի վերսկսում:

«Համանախագահների այդ հայտարարության մեջ կան կետեր, որոնք որ արտացոլում են ՀՀ նախագահի ասածը, հետևաբար ակնկալվում է, որ համանախագահները ընդունում են այդ գաղափարները և կարևորում են խաղաղության կայունության պահպանումը և հրաժարվում են ցանկացած ուժային տարբերակից»՝ ասել է նա: Դավիթ Բաբայանը գտնում է, որ պետք է վերականգնվի բանակցությունների լիարժեք ձեւաչափը. «Հատկապես, որ Ադրբեջանը քառօրյա պատերազմում ապացուցեց, որ պատերազմում է ԼՂՀ-ի դեմ: Էդ ո՞նց է՝ մեզ հետ պատերազմում է, բայց չի ուզում մեզ հետ բանակցել»:


Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարը Բեռլինում հանդիպել էր Գերմանիայի արտգործնախարարին և նրան, ըստ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության, ներկայացրել ապրիլյան իրադարձությունները, հայտարարել էր, որ Հայաստանը պետք է դուրս գա «օկուպացված տարածքներից»: Բնականաբար՝ ոչ մի խոսք՝ ի՞նչ էր ասել Շտայնմայերը: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Բեռլինում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ղարաբաղյան հակամարտության թեման՝ ըստ Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական կայքի։ Հանդիպման ժամանակ ընդգծվել է բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու կարեւորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար քաղաքական լուծում գտնելու նպատակով։ Շտայնմաները կոչ է արել, որպես առաջին քայլ, կայունացնել գործող հրադադարի ռեժիմը, որ վերջապես հնարավոր լինի քաղաքական բանակցություններ վարել երկարաժամկետ լուծում գտնելու համար։ «ԵԱՀԿ-ում իր նախագահության շրջանակներում Գերմանիան հավատարիմ է մնալու հակամարտության լուծման ուղիներ փնտրելուն։ Գերմանիան աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությանը, որի նպատակն է հակամարտության բոլոր կողմերի հետ լուծում գտնել»,- ասված է Շտայնմայերի հայտարարության մեջ։


Ի՞նչ է ստացվում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ բանակցությունների վերսկսման երեք պայմանները ձևական առումով սկսում են կատարվել, բայց ոչ բովանդակային, որովհետև շփման գծում կրակոցները չեն դադարում՝ Ադրբեջանը շարունակում է անկանոն կրակահերթերը, ռազմաշունչ հայտարարությունները չեն դադարում, ավելին՝ Իլհամ Ալիևն անձամբ է պարգատրել իր բանակի միջազգային կոնվենցիաներով հանցագործ զինվորին: Դատելով պաշտոնական Բաքվի հայտարարություններից՝ Ադրբեջանի դիրքորոշման մեջ փոփոխություններ չեն եղել, միակ փոփոխությունը հանդիպման պատրաստակամությունն է: Մինչև քառօրյա պատերազմը Բաքուն մերժում էր Մինսկի խմբի համանախագահների, արտգործնախարարների, առավելևս նախագահների հանդիպումները: Հայաստանն ունի երկու տարբերակ: Առաջին՝ գնալ հանդիպման և քննարկել համանախագահների առաջարկած օրակարգը, որ բխում է Սերժ Սարգսյանի պայմաններից՝ առանց քայլ իսկ հետընթացի:

Ավելին՝ Հայաստանը պիտի պնդի Ստեփանակերտի մասնակցությունը բանակցություններին: Կա երկրորդ տարբերակը՝ պնդել, որ պայմանները չեն կատարվել, հասցեական հայտարարություններ չկան, Ադրբեջանը խախտում է հրադադարը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը երաշխավորված չէ, Բաքուն իր համաձայնությունը չի տվել շփման գծում վերահսկողության մեխանիզմների տեղակայմանը: Այդ պարագաներում՝ ինչի՞ շուրջ բանակցել և ի՞նչ երաշխիք, որ Բաքուն հերթական անգամ չի ձախողի բանակցությունները: Թերևս հենց այս տարբերակը բացառելու նպատակով է նշվում, որ Վիեննայում նախատեսված հանդիպմանը ներկա են լինելու Քերին, Լավրովը, Էյրոն: Կա նաև մեկ այլ խնդիր՝ շփման գիծը պետք է վերականգնվի իր նախապատերազմյան սահմաններում: Հարցը կարող է լուծվել բանակցություններով կամ ռազմական ճանապարհով: Բայց պիտի լուծվի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ու՝ ի՞նչ: ԼՂՀ-ի ճանաչումը մնում է Հայաստանի քաղաքական օրակարգում, բայց նոր բանակցությունների առաջարկով մղվում է երկրորդ պլան: Ստեղծված իրավիճակում Երևանն ու Ստեփանակերտը նահանջի տեղ չունեն: Նահանջի տեղ չունի և Բաքուն, բայց Բաքուն միջազգային ասպարեզում այսօր ունի ագրեսորի, մարդասպանի ու գլոբալ առումով՝ պարտվածի դիրքեր: Հասցեական հայտարարությունները եթե չեն արվում հրապարակավ, քառօրյա պատերազմը բացահայտեց՝ ով ով է, ով ում հետ է, ով ինչ է ուզում: Վիեննայի հանդիպումը, եթե կայանա, կարող է լինել հետախուզական, արդյունավետ, ձախողված: Ամեն ինչ կախված է նախապատրաստումից ու ճիշտ ելակետերի ընտրությունից: Պահը կորցնելու դեպքում Բաքուն վերսկսելու է պատերազմը:

Դիտվել է՝ 2179

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ